Բավրայի մասին

 

Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցքից 14-15կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում
է 46կմ հեռավորության վրա:
Նախկինում ունեցել է Թիդոյի խարաբա, Թիթոյ խարաբա, Խարաբա, Տիտոյ խարաբա անվանումները:
Տեղադրված է Գյումրի-Ախալքալաք ավտոմայրուղու վրա:

Գյուղը գտնվում է Աշոցքի բարձրադիր սարահարթում` ծովի մակարդակից 2150մ բարձրության վրա:
Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով:
Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը:
Ամառը տաք է, համեմատաբար խոնավ:
Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները:

1958 թ-ին երկրաշարժի հետևանքով Բավրան ավերվել է և նորից կառուցվել է նախկին գյուղից
մի փոքր հեռու: Գյուղից հարավ-արևմուտք կան մի այլ բնակավայրի և բերդի ավերակներ, որտեղ
կան հին արաբական տապանագրերով գերեզմաններ:

Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1860թ տեղափոխվել են Արդահանի շրջանից:
1897 թ-ին գյուղն ունեցել է 262, 1926 թ-ին` 205, 1939 թ-ին` 286, 1970 թ-ին` 560, 1979 թ-ին`
562 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը
2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 596 մարդ:
Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%:
Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ
. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 20%:
Ունի 111 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:

Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (655հա),
խոտհարքերը (217հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են
որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար
66, 73, 382 հեկտար: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ:
Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ:

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական
գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը,
գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

 

 

                                                      ԲԱՎՐԱՅԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ

 


Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Բավրա գյուղում եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել են դեռեւս 2006

թվականից  եւ ավարտվել  2012-ին, բացումը տեղի էր ունեցել դեկտեմբերին: Եկեղեցու կառուցումից հետո գյուղն իր ուժերով

արդեն երգչախումբ ունի եւ երիտասարդությունը գալիս է պատարագների:

Եկեղեցու կառուցումը Բավրայում  հանգեցրել է նաեւ աղանդավորների թվի նվազեցմանը, քանի որ Եհովայի

վկաներ էին հայտնվել գյուղում:

Սակայն եկեղեցու զանգակատունը մինչ օրս չուներ զանգ եւ այսօր հայ-վրացական սահմանագծին գտնվող

Բավրա գյուղում տեղի ունեցավ Բավրայի «Սուրբ Նշան Կաթողիկե» եկեղեցու զանգի օծման արարողությունը

եւ տեղադրման աշխատանքները:  140 կգ զանգված ունեցող զանգի օծման արարողությունն իրականացրեց

Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի հայ Կաթողիկեների  թեմի առաջնորդ

Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Արարողությանը մասնակցեցին Բավրա գյուղի բնակիչները:

Նշենք, որ Կաթողիկե առաջնորդարանը բավարար գումար չի ունեցել եկեղեցու  զանգակատան զանգը պատրաստել

տալու համար:

Տեր Նարեկ քահանա Թադեւոսյանի հավաստմամբ, եկեղեցու զանգակատան համար պատրաստված

զանգը Խաչիկ քավորի նվերն է Բավրայի հայ համայնքին: «Զանգի պատրաստումը գործարանում մոտ

 երեք ամիս ու կես է տեւել, իմ ֆինանսական միջոցներով»,-ասաց Վարուժ Հակոբյանը, ով Բավրայի

բնակիչ է, սակայն ապրելով Մոսկվայում՝ զբաղվում է շինարարությամբ. «Անցած տարի՝ հունվարի 6-ին,

մեր մոտ առաջին անգամ  Խաչի ջրի օրն էր  կատարվում, տղաս այստեղ եղավ խաչքավոր, զանգ չկար,

որոշեցի իմ կողմից եկեղեցու համար զանգ պատրաստել տալ»:

Նշենք, որ Բավրայի եկեղեցին կառուցվել  է Հայ կաթողիկե եկեղեցու նախաձեռնությամբ՝

տարբեր բարեսիրական կազմակերպությունների միջոցով, որը տեւել  է մոտ 5 տարի: «Խաչիկ քավորը

զանգը Մոսկվայում է պատվիրել, որ այն պատրաստեն եւ մեքենայով հասցրել է Բավրա:

Զանգի 80 տոկոսը պղինձ է, 20 տոկոսն այլ խտանյութից է կազմված, մոտ 6000 դոլարին համարժեք

ռուսական ռուբլի արժողությամբ՝ ներառյալ բերել- հասցնելը եւ մաքսազերծումը: Եկեղեցու կառուցումը

տեղի է ունեցել ընդհատումներով, քանի որ ֆինանսական միջոցներ չէինք կարողանում հայթայթել:

Արդեն  6-7 ամիս է, ինչ եկեղեցին գործում է: Կառուցման համար մոտ 200.000 եվրո գումար է ծախսվել:

Բավրայի նախկին գյուղապետը  շինանյութով է օգնել եկեղեցու կառուցմանը: Փորձում ենք նաեւ մեր մյուս

համայնքներում եկեղեցիներ կառուցել: Երեք գյուղերը՝ Սեպասարը, Բավրան եւ Սիզավետն ունեն եկեղեցիներ:

Ունենք եւս 4 գյուղեր, որտեղ պետք է կառուցենք եկեղեցիներ՝ Ղազանչին, Արփենին, Հովտունը եւ Սարագյուղը»

,-մեզ հետ զրույցում ասաց Տեր Նարեկ քահանա Թադեւոսյանը, ով Աշոցքի տարածաշրջանի Հայ կաթողիկե

գյուղերի ժողովրդապետ, հոգեւոր հովիվն է:

Ժողովրդապետը նաեւ նշեց, որ եկեղեցու կառուցման համար ֆինանսական միջոցներ հատկացրել են գերմանական

«Ռենովաբիս», «Կիրխինոտ»,  ֆրանսիական «Էուդողյան»  եւ այլ կազմակերպություններ:  Նաեւ անհատ բարերար

է եղել՝ Հակոբ Գաբրաշ անունով ֆրանսիահայ, ով եւս օժանդակել է եկեղեցու շինարարությանը՝ խորանի կառուցման

եւ եկեղեցու կահավորման հարցում:  Բնակիչներն էլ նշեցին, որ եկեղեցու փոխարեն մատուռ էր կառուցվելու, սակայն

լավ է, որ եկեղեցի կառուցվեց, եւ ինչպես ասում են իրենք՝ այն գյուղի անձնագիրն է եւ նպաստեց, որ ժողովուրդն ավելի շատ կապվի գյուղին:

«Այստեղ ուզում էին կառուցել բազիլիկ եկեղեցի, ես համաձայն չէի դրա հետ: Բակում բերեցի, խաչքար կանգնեցրի՝

նվիրված 1941-45 թվականների Մեծ Հայրենական պատերազմին Բավրայից զոհվածների հիշատակին: Եկեղեցին կառուցվել

 է Արթիկի տուֆ քարից, ջրահեռացման համակարգի կառուցման կարիք չկար, քանի որ հիմքից 1 մետր  10 սմ բարձր են

պատերը, բացի այդ, եկեղեցու տակ խիճ է եւ ջուր չի գոյանում, տակը չոր է, հիմքը բետոնած է»,-ասաց եկեղեցու

ճարտարապետն Լեւ Սումբուլյանը:

Ի դեպ, Բավրայի բնակիչներից Վալերիկ Սումբուլյանը բողոքեց, որ  Բավրայում գտնվող իրենց հին եկեղեցին այցելել չեն կարող,

քանի որ իրենցից անցագիր են պահանջում:  Բավրայի բնակիչների եւ հայ-վրացական սահմանների ճշտգրտման  խնդիրներին

առավել մանրամասն կանդրադառնանք «Ասպարեզ» օրաթերթի վաղվա համարում: